Ճարպակալումն ամբողջ աշխարհում հանդիսանում է առողջապահության համակարգի բարդ մարտահրավերներից մեկը: Ճարպակալման տարածվածության կտրուկ աճը՝ «պանդեմիան», վերջին 20-30 տարիներին կապված է նստակյաց կենսակերպի և ճարպերով ու ածխաջրերով հարուստ բարձր կալորիականությամբ սննդակարգի հետ: Ճարպակալումը քաշի գերավելացումն է հասակի համեմատ, ինչը հանգեցնում է մարմնի քաշի ինդեքսի (այսուհետ ՄՔԻ) բարձրացմանը: ՄՔԻ հաշվարկվում է հետևյալ բանաձևով, քաշը՝ կգ, բաժանած հասակի՝ մ վրա և հանդիսանում է ճարպակալման և ավելցուկային քաշի գնահատման հիմնական ցուցանիշը: Մանկական և դեռահասային տարիքում ճարպակալումը գնահատելու համար կիրառվում են ՄՔԻ պերցենտիլային աղյուսակները` ըստ սեռի և տարիքի, որի 95-րդ պերցենտիլը համապատասխանում է քաշի ավելցուկին, իսկ 95 պերցենտիլից բարձրը՝ ճարպակալման: Այսպես կոչված մորբիդային (հիվանդագին) ճարպակալման դեպքում ՄՔԻ-ի արժեքը զգալի մեծ է 95–րդ պերցենտիլից:
Ճարպակալումը բազմա–օրգանային (օրգան-համակարգային) խանգարում է, որը կարող է ընդգրկել թվարկած ախտաբանական փոփոխությունները և համակցված լինել մի շարք հիվանդությունների հետ՝

  • զարկերակային գերճնշում
  • դիսլիպիդեմիա, աթերոսկլերոզ,
  • քրոնիկական բորբոքում
  • մետաբոլիկ համախտանիշ
  • էնդոթելիալ դիսֆունկցիա
  • հիպերինսուլինեմիա, շաքարային դիաբետ տիպ 2,
  • ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ
  • լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն
  • ապնոէ
  • ասթմա
  • սննդային վարքի խանգարումներ
  • հոգեբանական խնդիրներ, դեպրեսիա և այլն:

Ճարպակալման էնդոկրինոլոգիական բարդություններից հիմնականը ածխաջրային փոխանակության խանգարումն է, որն ախտորոշվում է օրալ-գլյուկոզո-տոլերանտային փորձի (ՕԳՏՓ) կատարմամբ` որոշելով գլիկեմիան քաղցած վիճակում և  1.75մգ/կգ գլյուկոզայի ընդունումից 2 ժամ հետո:

Նախադիաբետ Փորձի արդյունքներ (գլիկեմիայի մակարդակ երակային արյան մեջ)
1. Քաղցած հիպերգլիկեմիա քաղցած ` ≥ 6,1 մմոլ/լ
2 ժամ հետո` <7,8 մմոլ/լ:
2. Գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության խանգարում քաղցած` <6,1 մմոլ/լ 2 ժամ հետո` ≥ 7,8 մմոլ/լ, բայց <11,1 մմոլ/լ-ից
Շաքարային դիաբետ քաղցած` ≥ 7,0 մմոլ/լ
2 ժամ հետո` ≥ 11,1 մմոլ/լ
ցանկացած պատահական ժամի գլյուկոզայի որոշում` ≥ 11,1 մմոլ/լ
Ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը հիմնականում ախտորոշվում է ՀՕՄԱ-ինսուլինառեզիստենտության ինդեքսի հաշվարկի հիման վրա հետևյալ բանաձևով` ինսուլին x գլյուկոզա/22.5: Նորմայում այն պետք է ցածր լինի 2.9-ից: Ինսուլինառեզիստենտության կլինիկական դրսևորումներից է մաշկի հաստացումը և մգացումը ծալքերի և շփման տեղերում` acanthosis nigricans:
Մետաբոլիկ համախտանիշի ախտորոշումը երեխաների և դեռահասների շրջանում ունի որոշակի առանձնահատկություններ: Ըստ «Դիաբետի միջազգային ֆեդերացիայի» (IDF) [1] բնորոշման 6-10 տարեկան ճարպակալումով երեխաների շրջանում մետաբոլիկ համախտանիշ չի ախտորոշվում, սակայն անհրաժեշտ է նրանց հետագա հետազոտումը, եթե ՄՔԻ-ն մեծ է 95 պերցենտիլից և ընտանեկան անամնեզում առկա են մետաբոլիկ համախտանիշի ռիսկի այլ գործոններ` տիպ 2 շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ, զարկերեկային գերճնշում և մորբիդային ճարպակալում: 10-16 տարեկանների շրջանում մետաբոլիկ համախտանիշն ախտորոշվում է, եթե ի լրումն ճարպակալման առկա է նաև տրիգլեցիրդների մակարդակ  ≥1.7մմոլ/լ (≥ 151 մգ/դլ), ԲԽԼ <1.03 մմոլ/լ-ից (<40 մգ/դլ-ից), սիստոլիկ զարկերակային ճնշում ≥130 մմ. սնդ. սյ. կամ դիաստոլիկ ճնշում ≥85 մմ. սնդ. սյ.,  տիպ 2 շաքարային դիաբետ կամ մազանոթային գլյուկոզան ≥5.6 մմոլ/լ-ից (≥ 101 մգ/դլ), վերջին դեպքում անհրաժեշտ է նաև ՕԳՏՓ: 16 տարեկանից բարձր ճարպակալումով անձանց շրջանում մետաբոլիկ համախտանիշն ախտորոշվում է մեծահասակների չափանիշներով:Ճարպակալման հսկման ոչ դեղորայքային միջոցներն են՝
  1. սննդային վարքագիծը
  • կալորիականություն -500կկալ/օր;
  • ճարպերի և ածխաջրերի ընդունման սահմանափակում 2տ-ից բարձր երեխաների շրջանում (քաղցրեղեն և fast food)
  • բանջարեղենի և մրգերի ընդունման ավելացում
  • սննդի ընդունման ռեժիմի սահմանում:
  1. Ֆիզիկական ակտիվություն` առնվազն >50-60ր/օր:
  2. «Էկրանային ժամի» սահմանափակում, առավելագույնը՝ 2ժ/օր:

Ներկայումս կիրառվող դեղորայքային և/կամ վիրաբուժական մեթոդները վերջնականորեն չեն լուծել ճարպակալման բուժման բարդ խնդիրը: Առայժմ չկա համընդհանուր բուժման սխեմա, դրանցից յուրաքանչյուրն ունի առավելություններ և թերություններ, և յուրաքանչյուր բուժառու պահանջում է անհատական մոտեցում [2;3]:

Հարգանքով՝

Լուսինե Վ. Նավասարդյան, բ.գ.թ., դոց., ԵՊԲՀ էնդկրինոլոգիայի ամբիոն, «Արաբկիր» ԲԿ–ԵԴԱԻ, մանկական էնդոկրինոլոգ: